Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կոնյակաբույր վրաերթ (պատանդի պատմությունը)

Կոնյակաբույր վրաերթ (պատանդի պատմությունը)
12.07.2013 | 13:16

Նկարիչ ընկերս անակնկալ հրավիրեց սրճարան։ Ես հանկարծակիի եկա, սակայն հրավերն ընդունեցի. ո՞ւմ հայտնի չէ, որ նկարիչները (ինչպես նաև պոետները, երգահանները և պատգամավորները) բավականին խռովահույզ ներաշխարհի տեր են և շատ արագ, անգամ ամենաչնչին բանից, կարող են վիրավորվել։ Սրճարանը հանրահայտ է, «Ջազզվեն»` «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում։ Եվ քանի որ մեր զրույցի թեման բավականին հավակնոտ էր («անկախ» շուկան որպես դագանակ` կախված մշակույթի գանգատուփին), նա պատվիրեց հավակնոտ ոգելից խմիչք` կոնյակ «Նաիրի»։ Երիտասարդ մատուցողը խորհրդավոր կիսաժպիտով իրազեկվեց` արդյոք «Նաիրի՞» ենք կամենում։ Պնդեցինք, թե` այո, միայն «Նաիրի» և ոչ մի այլ բան։ Մատուցողը, ի դեպ, ճաշացանկ չներկայացրեց, ինչի ներքին դավը կռահեցինք քիչ հետո, սակայն աններելիորեն ուշացած։ Մի խոսքով, ըմպեցինք երկուական 50 գրամ կոնյակ, ճաշակեցինք 4 շերտ կիտրոն և բավարարված հոգով խնդրեցինք ոգելիցի հաշիվը։ Եվ հենց հաշիվը ներկայացնելու պահին հիշեցի հայ ժողովրդական հեքիաթներից մեկի իմաստուն դրվագը, երբ թագավորի տղան մեծ զարմանքից շշկռած կծում է ձախ ոտքի բութ մատը, զի մեզ ներկայացվեց 29 հազար 370 դրամի հաշիվ։ Այո՜, մի բան էր մնում. ես պատանդվում էի սրճարանում, ընկերս սլանում էր տուն, գումարը համալրելու։ Մինչ նրա վերադարձը մտորելու ժամանակ կար։ ՈՒ ի՜նչ ժամանակ, քունքերս բաբախում էր հաղթական մի նվագ, որովայնիս ընդերքում լուկուլոսյան խնջույքին վայել մակընթացություն էր, սեփական վարկանիշս սեփական աչքերումս հասել էր անասելի բարձունքների, պատկերացրեք, ես ըմբոշխնել էի մի խմիչք, որի մեկ շշի գինը 65 հազար դրամ էր։ Բայց չէ՞ որ նման բան կարող է իրեն թույլ տալ, զորօրինակ, օլիգարխ Ա-ի սիրուհի Բ-ի նախկին սիրեկան Գ-ն։ Այս հոգեպարար զգացողությունս համալրում էր կինոթատրոնի երկրորդ հարկի ճեմասրահից պարբերաբար վրաս թափվող դեղնաժանգ հոտաշփոթը` վերևում ադի-բուդի էին բովում։ Մի խոսքով, 200 գրամ «Նաիրի», 4 շերտ կիտրոն և 0,25 լ տարողությամբ 1 շիշ «Կոլա» (ըմպել էր նկարիչը մինչև իմ ներկայանալը) և շուրջ 30000 դրամ։ Այո՜, մնում է հավելել, որ ձեզ ներկայացվող կտրոնի ներքևում մանրատառ գրված է. «Շնորհակալություն այցելության համար»։
Բա մենք ո՜նց ենք շնորհակալ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- «Նաիրի» կոնյակի 0,5 լիտրը վաճառատներում մոտ 30000 դրամ է։ Մեծածախը, հասկանալի է, ավելի էժան։ Այժմ հաշվենք, թե որքան գումար են քամում մեկ շշից «Ջազզվե»-ում։
Հ. Հ. Գ.- Մի բարոյական աննման ապտակ էլ խմբագրությունում ստացա (լավ էր ապտակն իրական լիներ)։ Ինձ հարցրին` բա երկուսով մի ուսանողի խելք էլ չունե՞ք, վերցնեիք «Նաիրին», լիմոնն ու կոլան, բարձրանայիք աշխատասենյակդ և վայելեիք։ Համաձայն եմ, բայց արդյոք այդ պարագայում վարկանիշս կճախրե՞ր յոթերորդ երկինք։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 19.05.2025